13/12/2010 09:35
Մեդվեդևը խոստացել է պատժել անկարգությունների մեղավորներին
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվայում իրավիճակը վերահսկվում է, իսկ շաբաթ օրը Մանեժնայա հրապարակում անկարգության մեջ բոլոր մեղավորները կպատժվեն: Այդ մասին, ըստ Ինտերֆաքսի, Մեդվեդևը գրել է Twitter-ի իր բլոգում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Մոսկվայի կենտրոնում հավաքվել էր շուրջ 5 000 մարդ` հիմանականում երիտասարդություն: Բողոքի պատճառ էր հանդիսացել «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունը կովկասցու կողմից և այդ կապակցությամբ իրավապահների ձեռնարկած միջոցառումները: Սակայն Մանեժնայա հրապարակի բողոքի ակցիան վերածվեց ազգայնամոլական ցույցի. հավաքվածները վանկարկում էին «Մոսկվան ռուսական քաղաք է», «Սրա համար պատասխան կտան ձեր երեխաները» և Կովկասի ու կովկասցիների հասցեին այլ` զայրացած և վիրավորական վանկարկումներ:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նախօրեին Մոսկվայի ոստիկանապետը, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ ազգայնականներն օգտագործել են Սվիրիդովի սպանությունը իրենց քաղաքական խաղերի նպատակներով:
Նա մասնավորապես հիշեցրել է, որ ամբոխը պահանջում էր չեղյալ հայտարարել ՌԴ ՔՕ 282 հոդվածը, որը պատասխանատվություն է սահմանում ազգերի միջև անհաշտություն հրահրելու համար: