13/12/2010 15:03
ՌԴ դեսպանատանը մեծարեցին հայ հրշեջ-փրկարարներին
Երևանում Ռուսաստանի դեսպանատանն այսօր ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն «Բարեկամության» շքանշան հանձնեց Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանին:
Համապատասխան հրամանագիրը 2010 թ. հոկտեմբերի 11-ին ստորագրել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նշենք, որ շքանշանը շնորհվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում հրդեհների մարման ժամանակ ցուցաբերած քաջություն և պրոֆեսիոնալիզմի համար և համարվում է օտար երկրների քաղաքացիներին տրվող ՌԴ բարձրագույն պարգև:
Շքանշանի հանձնման պաշտոնական արարողությանը ներկա գտնվեցին ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտակարգ իրավիճակների Նախարարության ղեկավար Արմեն Երիցյանը, ինչպես նաև բոլոր այն 28 փրկարար-հրշեջները, որոնք մասնակցեցին Ռուսաստանում այս ամռանը տեղի ունեցած հրդեհների մարմանը և հետևանքների վերացմանը:
Շնորհակալություն հայտնելով փրկարար-հրշեջներին` դեսպան Վ.Կովալենկոն նշեց, որ նրանց սխրանքը և անձնուրաց օգնությունն անգնահատելի են:
«Հայ և ռուս հրշեջների համագործակցությունը վկայաբերեց երկու ազգերի և երկրների միջև գոյություն ունեցող գործընկերային ոգին: Սա իսկապես հայության բարեկամական սխրանք է Ռուսաստանի նկատմամբ: Մահացու վտանգի առջև հենց այսպիսի հերոսական աշխատանքն ամրապնդում է մեր միասնականությունը», - ասաց դիվանագետը:
Նա հիշեցրեց, որ հայ փրկարարների սխրանքը գնահատական ստացավ ամենաբարձր մակարդակով. հոկտեմբերի 13-ին անձամբ Դմիտրի Մեդվեդևից «Արիության համար» շքանշան է ստացել հայ հրշեջ-փրկարարների խմբի ղեկավար, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը:
Իր հերթին ՀՀ ԱԱԽ քարտուղար Ա.Բաղդասարյանը, շնորհավորելով Սերգեյ Ազարյանին և բոլոր 28 փրկարարներին, շեշտեց, որ մեծ պատիվ է ստանալ նման բարձր պարգև և մեծարում` Հայաստանի համար այնպիսի բարեկամական երկրից, ինչպիսին Ռուսաստանն է:
«Վստահ եմ, որ մեր փրկարարներն այսուհետ ևս բնական աղետների դեպքում շատ ակտիվ կօգնեն մեր բարեկամներին, դաշնակիցներին», - ռուսերեն ասաց նա, ապա հայերեն հավելեց. «Ռուսաստանի Դաշնության նախագահի շքանշանը պատվաբեր է և խոսում է այն մեծ նվիրումի ու աշխատանքի մասին, որ կատարեցին մեր փրկարարներն այն արհավիրքի օրերին»: