14/12/2010 12:16
Մեծ Եղեռնի չդատապարտումը պատճառ դարձավ այլ ցեղասպանությունների
Հայոց Ցեղասպանության դատապարտման և հետևանքների վերացման բացակայությունն էր, որ պատճառ դարձավ նաև այլ ցեղասպանությունների: Այսօր Երևանում անցնող «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման խոսքում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա հիշեցրեց, որ 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանությունների հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան նախապատրաստող նախապատմությունն առնչվում է հայ ժողովրդի ամենաողբերգական էջին:
«Հայոց Ցեղասպանության դատապարտման և հետևանքերի վերացման բացակայությունն էր, որ 1921թվականին պատճառ դարձավ երիտասարդ բանասեր Ռաֆայել Լեմկինին հարցնել իր պրոֆեսորին, թե ինչու՞ հայերը չեն դիմում Հայոց Եղեռնի կազմակերպիչներին ձերբակալելու համար: Այս հարցին ի պատասխան, պրոֆեսորն ասում է, որ որևէ օրենք չկա, որի շրջանակներում հնարավոր կլիներ նրանց ձերբակալել: Հենց այդ պատրասխանն է ստիպում Լեմկինին թողնել բանասիրությունն և ընկղմվել միջազգային իրավունքի մեջ` նվիրվելով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրությանը, որն էլ, ի թիվս այլոց, ճանապարհ է հարթում 1948 թվականի կոնվենցիայի ընդունմանը», - հիշեցրեց նախարարը:
Է.Նալբանդյանը նշեց, որ հետագայում մեծ ջանքեր գործադրվեցին Հոլոքոստի հետևանքների վերացման ուղղությամբ, որովհետև նախապես հնարավոր չեղավ կանխարգելել դրա հետևանքները:
«Հաջորդող 60 տարվա պատմությունը` Կամբոջան, Ռուանդան, Դարֆուրը և այլ ողբերգություններ, ցույց տվեցին, որ զուտ բարի կամքը բավարար չէ արմատախիլ անելու ցեղասպանություն ծնող այնպիսի դրսևորումները, ինչպիսին են ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական հողի վրա սերմացող ատելությունն ու թշնամանքը», - ասաց Է.Նալբանդյանը:
Այդ տեսանկյունից ԱԳ նախարարը կարևորեց Հռոմի ստատուտի ընդունումը, ինչպես նաև Ռուանդայի և Հարավսլավիայի տրիբունալների ստեղծումը:
«Ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը նոր ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնման համար: Անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից` միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ցեղասպանության դատապարտման, կանխարգելման գործում: Այս միասնականության բացակայության հետևանքով է, որ մարդկությունն ականատես է դառնում ցեղասպանության իրականացման նոր փորձերի» , - ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը, ողջունելով գիտնականների և փորձագետների մասնակցությունը քննարկումներին, նշեց, որ գիտաժողովի կազմակերպումը և անցկացումը Հայաստանում խորհրդանշական է: