14/12/2010 14:15
Թաներ Աքչամը կրկին այցելելու է Ծիծեռնակաբերդ
«Չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանության 95-ամյա ժխտողականությունից հետո Թուրքիան կարող է լավ ժողովրդավարություն ստեղծել», - լրագրողների հետ զրույցում ասաց թուրք պատմագիր, գիտնական Թաներ Աքչամը, ով այս օրերին գտնվում է Երևանում` «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով:
ԱՄՆ-ում բնակվող թուրք գիտնականը հայտնեց, որ Հայաստան ժամանած այլ գիտնականների հետ վաղը կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Ես երկու անգամ եղել եմ Ծիծեռնակաբերդում և կլինեմ նաև երրորդ անգամ, դրա մեջ ոչ մի վատ բան չկա», -ասաց Աքչամը:
Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, թուրք գիտնականը ցանկություն հայտնեց, որ թուրքական իշխանությունները գնան այդ քայլի:
«Ես միայնակ չեմ, որ խնդրում են իմ պետության կառավարությանը փոխվել: Պատմությանը դեմ առ դեմ կանգնելը մի տեսակ անիրական բան է, բայց ես լիահույս եմ, որ մի օր այդ օրը կգա», - հավելեց Թաներ Աքչամը:
Նշենք, որ գիտաժողովին, որը նվիրված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը, մասնակցում են բազմաթիվ գիտնականներ շուրջ 20 երկրներից, այդ թվում ցեղասպանագիտության բնագավառում այնպիսի ճանաչված հեղինակություններ, ինչպիսիք են` Իվ Թերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չառնին, Վիլիամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենք Չոքը և այլոք:
Նշենք նաև, որ գիտաժողողովը կշառունակվի նաև դեկտեմբերի 15-ին: