14/12/2010 16:49
Թ. Հոֆման. «Սառը ցեղասպանությունը» կարող է ներկայացվել Հաագայում
Եթե Հայաստանը ցանկանա, կարող է Հայոց ցեղասպանության հարցը Արդարադատության միջազգային դատարանի քննարկման առարկա դարձնել: «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարեց Բեռլինի Ազատ համալսարանի գիտաշխատող տիկին Թեսսա Հոֆմանը:
«Սպանություն, ուծացում, ոչնչացում. այս ամենն առկա է Օսմանյան կայսրության կազմակերպած գործողություններում»,- ընդգծեց նա` նշելով, որ «սառը ցեղասպանության» գործերը ևս կարող են ներկայացվել Հաագայի միջազգային դատարանում:
Խոսելով Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացի մասին` Թեսսա Հոֆմանն ասաց, որ դեռ 2005 թվականից գերմանական խորհրդարանում եղել են երեք միջնորդություններ` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, սակայն, դրանք ընթացք չեն ունեցել:
«Մեր երկրի կառավարությունն այժմ, ավելի, քան երբևէ, հավատարիմ է իր դիրքորոշմանը` կտրուկ մերժելով, որ կատարվածը Ցեղասպանություն է»,- ասաց Թ. Հոֆմանը` ընդգծելով, որ գերմանական կառավարության մերժողականությունը բխում է նրանից, որ իրենք այս հարցով իրենց «համապատասխանատու» են համարում: