14/12/2010 10:51
«Transparency International»-ն` ընդդեմ ՖԻՖԱ-ի
Միջազգային «Transparency International» կազմակերպությունը կտրուկ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին` աշխարհի ֆուտբոլի 2018 թ. առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու որոշման համար: Ըստ gazeta.ru-ի` «Transparency International»-ի ներկայացուցիչ Սիլվիա Շենկը նշել է, որ «Ռուսաստանն ամենակոռումպացված երկիրն է Եվրոպայում, իսկ համաշխարհային մասշտաբով, համաձայն կոռուպցիայի ինդեքսի, 178 երկրների թվում զբաղեցնում է 154-րդ տեղը»:
Սիլվիա Շենկի կարծիքով` աշխարհում աղքատ շատ մարդկանց համար այնպիսի մարզաձևը, ինչպիսին ֆուտբոլն է, ինչոր առումով հույս է: «ՖԻՖԱ-ն պետք է օգնի հենց նման մարդկանց: Իսկ ներկայումս այդ կազմակերպությունը հակառակն է անում»,- Շենկի խոսքերը մեջբերել է «Deutsche Welle»-ն:
Բացի այդ, «Transparency International»-ի ներկայացուցիչը ենթադրում է, որ Ռուսաստանում աշխարհի առաջնության կազմակերպման վերաբերյալ որոշումը Բրիտանիայի նկատմամբ վրեժի դրսևորում էր, քանի որ BBC-ն ու «Sunday Times»-ը ընտրություններից առաջ հաղորդել էին ՖԻՖԱ-ում կոռուպցիայի մասին: