15/12/2010 12:47
«Հայ երեխան սկսում է վրացական լեզվամտածողություն ձեռք բերել»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը խոսեց Ջավախքում կրթական հիմնախնդիրների շուրջ և նշեց, որ այս տարի Ջավախքում դրանք «նշանավորվեցին» նեգատիվ դրսևորումներով:
Ըստ նրա` Ջավախքի հայկական դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի կտրուկ կրճատումներ եղան, որոնց հաշվին ավելացան վրացերեն լեզվի դասաժամերը:
«Ջավախքահայությունը երբեք էլ չի ասել, որ վրացերեն չի ուզում սովորել, բայց բոլորն էլ կարծում են, որ պետք է սովորել վրացերենը վրացերենի հաշվին և ոչ թե հայերենի հաշվին»,- ընդգծեց Շ. Թորոսյանը և հավելեց, որ հատկապես տարրական դասարաններում վրացերեն լեզի ժամաքանակի ավելացումը ազդում է երեխայի մոտ ձևավորվող լեզվամտածողության վրա:
«Հայ երեխան սկսում է վրացական լեզվամտածողություն ձեռք բերել, ինչը միջազգային իրավական նորմերի կոպիտ ոտնահարում է»,- շեշտեց Շիրակ Թորոսյանը և հիշեցրեց Եվրախորհրդի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիան, որին միացել է նաև Վրաստանը: Կոնվենցիան հստակ ազդարարում է ազգային փոքրամանսությունների լեզվի կարգավիճակի իրավունքը:
«Ոչ միայն պետք չէր այդպիսի խտրական վերաբերմունք ցուցաբերել հայոց լեզվի նկատմամբ, այլ ընդհակառակը` հայերենը պետք է տարածաշրջանում ճանաչվի որպես երկրորդ պետական լեզու»,- շեշտեց ԱԺ պատգամավորը: