15/12/2010 13:39
«Մինսկի խումբը պատվով կիրականացնի իր առջև դրված խնդիրը»
Աստանայի գագաթաժողովից պետք է բազմաթիվ դրական կողմեր տեսնել: Գագաթաժողովի հաջողություններից է, օրինակ, ընդունված հնգակողմ հայտարարությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը:
«Ես լիահույս եմ, որ Ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկվելու է տարբեր կառույցներում, ինչպես ԵԱՀԿ շրջանակներում կամ Եվրամիությունում, այնպես էլ միջազգային այլ կառույցներում»,- ասաց Շմիդթը:
Դեսպանը նաև հույս հայտնեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ը կիրականացնի ԼՂՀ կարգավորման գործընթացի հետ կապված իր առջև դրված առաքելությունը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պատվով կիրականացնի իր առջև դրված խնդիրը և կլուծի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը», - ասաց նա:
Դիվանագետը Աստանայի գագաթաժողովից հատկապես կարևորեց Ֆրանսիայի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի ելույթներն այն մասով, որ ԼՂ կարգավորման գործընթացը և երկկողմ հարաբերությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով` բացառելով հարցի ռազմական լուծումը: