15/12/2010 14:53
Է.Նալբանդյան. «Հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում»
Քիչ առաջ Երևանում ավարտվեց «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին ցեղասպանագետներ, գիտնականներ և փորձագետներ շուրջ 20 երկրներից:
Գիտաժողովի փակման խոսքում, հրաժեշտ տալով միջոցառման մասնակիցներին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ այն նվիրված էր Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիային:
«Ձեր ելույթներից և եզրահանգումներից պարզ երևաց, որ նախ` ցեղասպանության հանցագործության հատկապես կանխարգելման հարցում միջազգային հանրությունը դեռևս արդյունավետ կարիք է զգում: Մյուս կողմից` ցեղասպանությունների դատապարտման և հետևանքների վերացման հետ կապված ևս խնդկրիներ կան», - նկատեց նախարարը:
Խոսելով ցեղասպանության անպատժելիության և դատապարտման բացակայության մասին` Է.Նալբանդյանը հիշեց Հիտլերի 1939 թվականին` մինչև Հոլոքոստն, ասված խոսքերը Հայոց ցեղասպանության մասին:
«Ցեղասպանության դատապարտման բացակայությունը և անպատժելիությունն ուղիղ հարված են հասցնում ապագայում դրա կանխարգելմանը: Ցեղասպանությունից ուրացողը անպատժելիության մթնոլորտում նպաստում է այլ ցեղասպանությունների ծնունդին», - նշեց ՀՀ արտգործնախարարը:
Ըստ ԱԳՆ ղեկավարի` պետք է խոսել ոչ միայն ցեղասպանության կանխարգելման, այլ ավելի վաղ փուլի` ցեղասպան միջավայրի ստեղծման կանխարգելման մասին:
«Անհրաժեշտ է անուշադրության չմատնել և արմատախիլ անել ցեղասպանություն ծնող թունավոր մտածողության այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական հողի վրա սերմացվող ատելությունն ու թշնամանքը: Այս իմաստով դատապարտելի է նաև այլ ժողովուրդների մշակութային ժառանգության գոյության հանդեպ անհանդուրժողականությունը, որն էլ, իր հերթին, ծնում է մշակութային ցեղասպանություն», - ասաց Է.Նալբանդյանը:
Արտգործնախարարի խոսքով` ցեղասպանության կանխարգելման և դատապարտման ճանապարհին առանցքային նշանակություն ունի օբյեկտիվ տեղեկատվությունը:
«Ցեղասպանության կանխարգելման, դատապարտման և հետևանքների վերացման նպատակին ավելի մոտեցած կլինենք, եթե այս գործում բարձրաձայնողները լինեն ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ժառանգները, այլ նաև երբ նրանց կմիանան ցեղասպանություն գործածների ժառանգները», - ընդգծեց նախարարը, վստահություն հայտնելով, որ վերահաշտեցման ուղին ուրացման ուղին չէ, այլ գիտակցված հիշողություն, «քանի որ իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում և երիատասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում»:
«Հավատում եմ այս ապագային և կարծում, որ շատերն են այդպես մտածում», -եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը: