16/12/2010 13:29
Նախագահն այցելեց Բյուրեղավանի ապակե տարաների գործարան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց «Գլաս Ուորդ Քամփնի» ընկերության Բյուրեղավանի ապակե տարաների գործարան: Երկրի ղեկավարը շրջայց կատարեց շենքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Գործարանի ղեկավարությունը նախագահ Սարգսյանին ներկայացրեց 2011 թվականում նախատեսված գործունեության ծրագրերը, ինչպես նաև գործարանի նոր` երկրորդ հոսկագիծը:
«Գլաս Ուորդ Քամփնի» ընկերությունը հիմնվել է 2004 թվականին` Արզնու Բյուրեղապակու գործարանի հիմքի վրա «KA & KA International Limited» ընկերության կողմից: 2004 – 2006թթ գործարանն ամբողջությամբ վերակառուցվել և վերազինվել է նոր սարքավորումներով, ընդհանուր ներդրումանյին արժեքը կազմել է 12 140 մլն. դրամ:
Լրագրողների հետ զրույցում ընկերության սեփականատերերից Արամ Քոչարյանը հայտնեց, որ մինչև 2012 թվականը ընկերությունը նախատեսում է իրականացնել նոր ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում գործարանում կստեղծվեն մետաղյա կափարիչների, փաթեթավորման նյութերի, պիտակների և շշալցված ջրի արտադրամասեր:
Ըստ սեփականատիրոջ` ներկայումս գործարանն արտադրում է տարեկան 120 միլիոն միավոր` ունենալով 314 աշխատատեղ: Միջին աշխատավարձը կազմում է 140-160 հազար դրամ:
Ա.Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ ներկա պահին գործարանի արտադրանքի շուրջ 67%-ն արտահանվում է այլ երկրներ, իսկ հայկական շուկայում գործարանի արտադրությունը 80% է կազմում: