16/12/2010 12:45
Արտակ Զաքարյան. Ադրբեջանը գնում է դեպի փակուղի
Անցնող տարում ՀՀ նախագահի ծավալած գործունեությունը և ջանքերն ակտիվ էին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ տեսանկյունից այս տարի ունեցանք երեք կարևոր զարգացում` Մուսկոկան, Աստրախանը և Աստանան, որտեղ ամրագրվեց երեք իրավահավասար սկզբունքների միաժամանակյա կիրառման անհրաժեշտությունը։ Ամփոփելով 2010-ի Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումները` նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը:
ԱԺ պատգամավորը նշեց, որ Ադբեջանի դիվերսիոն հարձակումները և սահմանում տեղի ունեցող միջադեպերը, ինչ էլ լինեն, չեն կարող որևէ անդրադարձ ունենալ Հայաստանի և միջազգային կառույցների դիրքորոշումների վրա, այն է` խնդրի խաղաղ և բանակցային կարգավորումը:
«Ադրբեջանի քաղաքական պաշարը, կարծես թե, սպառվել է, այսինքն` Ադրբեջանը կա’մ համաձայնում է, որ կոնֆլիկտը սառեցվի, կա’մ գնում է ռազմական ճանապարհով: Երկու ճանապարհով գնալն էլ Ադրբեջանի քաղաքականության համար ձեռնտու չէ և նրան տանում է դեպի փակուղի: Հետագայում, ուղղակի, դժվար է պատկերացնել նրանց քաղաքականությունը բանակցային գործընթացում»,- ասաց Ա.Զաքարյանը:
Նա հավելեց, սակայն, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան պիտի հասկանա և ընկալի, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում, իսկ ադրբեջանցի ապագա սերունդները պետք է ԼՂՀ-ն ընկալեն իրենց համար որպես սահմանակից հարևան պետություն: