18/12/2010 12:14
ՏՀՏ լիդերները քննարկում են Էլեկտրոնային առևտրի խնդիրները
Այսօր Աղվերանում մեկնարկել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որը նվիրված է Էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրներին (e-commerce): Ֆորումը կազմակերպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` ՀՀ կառավարության և USAID/CAPS-ի աջակցությամբ:
«Էլեկտրոնային առևտուրն այսօր աշխարհում արտադրողականության բարձրացման հիմնական խթաններից մեկն է: Հայաստանում շատ աշխատանքներ ունենք անելու»,- բացելով ֆորումը` ասաց ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը:
Նրա խոսքով, մինչ այս մեր երկրում առավել լուրջ խնդիրներ կային, մասնավորապես ինտերնետի, համակարգիչների բացակայությունը և այլն: Հ. Ավոյանի խոսքով, ՏՀՏ լիդերների նախկին հանդիպումներից մեկի ժամանակ այս խնդիրները արծարծվել են և լուծումներ են ստացել:
Հ. Ավոյանը հայտնեց, որ ֆորումի օրակարգում ընդգրկված են ՀՀ-ում էլեկտրոնային փողերի կարգավորման, ԱրՔա էլեկտրոնային վճարային համակարգի տեսլականի՝ Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման վերաբերյալ հարցերը, Էլեկտրոնային կառավարման (E-gov) ոլորտում առկա էլեկտրոնային վճարումների խնդիրները, էլեկտրոնային առևտրում առկա էլեկտրոնային վճարումների խնդիրները, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման հնարավոր մոդելների սկզբունքները, այլ երկրների փորձը էլեկտրոնային առևտրի ոլորտում /Ռուսաստան, Վրաստան, Մակեդոնիա/, էլեկտրոնային առևտրում լոգիստիկայի, տեխնիկական ապահովման և անվտանգության խնդիրները:
ՀՀ ԿԲ ներկայացուցիչ Սամսոն Ղազարյանը ներկայացրեց էլեկտրոնային փողերի կարգավորման նպատակներն ու անհրաժեշտությունը, շեշտելով ԿԲ հիմնական նպատակն է` «սահմանել քաղաքականությունն այդ բնագավառում, քանի որ այն նոր է»: Ըստ նրա, բանագավառը շատ արագ զարգացող և շուտ փոփոխվող է:
Ֆորումին մասնակցում են Էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, Հայաստանում գործող առևտրային բանկերի և վճարային համակարգերի, ինչպես նաև արտերկրյա և հայաստանյան ՏՀՏ ընկերությունների, առևտրային բանկերի, բիզնեսի այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների շուրջ 80 ներկայացուցիչներ։
Վաղը ֆորումի աշխատանքները կամփոփի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: