18/12/2010 12:32
ՀՀ վարչապետը ներկայացրեց ֆինանսների նորանշանակ նախարարին
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆինանսների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Վաչե Գաբրիելյանին:
«Ես համոզված եմ, որ Վաչե Գաբրիելյանի կողմից պաշտոնի ստանձնման գործընթացը կլինի շատ սահուն: Նա այս նախարարությունում ունի լավ գործընկերներ, որոնց հետ համագործակացությունը եղել է շատ լավ մակարդակի վրա»,- նշեց վարչապետը և հավելեց, որ նորանշանակ նախարարը լավ ծանոթ է ֆինանսական խնդիրներին և լավատեղյակ է ֆինանսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Վարչապետն ընդգծեց, որ Վաչե Գաբրիելյանը անկուսակցական է, սակայն Հանրապետական կուսակցության խորհրդի վերջին նիստի ժամանակ երկրի ղեկավարը հստակ ձևակերպում է տվել, որ ունեն համախոհների մեծ բանակ, որոնք կուսակցական չեն, բայց դրանով հանդերձ նրանք նշանակվում են ղեկավար բարձր պաշտոններում:
«Ես գալիս եմ կայացած ու պրոֆեսիոնալ կառույց, որտեղ շատերի հետ ունեմ համագործակցության լավ հարաբերություններ»,-իր խոսքում նշեց նորանշանակ նախարար Վաչե Գաբրիելյանը և հավելեց, որ կառավարության կողմից նախատեսված ծրագրերը կիրագործվեն:
Իսկ արդեն ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նախարարության աշխատակիցներին և շեշտեց, որ Վաչե Գաբրիելյանը հաջողությամբ կշարունակի այն աշխատանքն ու ավանդույթները, որոնք ձևավորվել են նախարարությունում:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար: