18/12/2010 13:11
Վարչապետը ներկայացրեց արդարադատության նոր նախարարին
Արդարադատության նախարարի պաշտոնում Հրայր Թովմասյանի ընտրությունը ճիշտ է՝ ի նկատի ունենալով վերջինիս աշխատանքային փորձը՝ որպես իրավաբան և, ժամանակին, որպես փոխնախարար: Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանին:
«Թովմասյանին ճանաչում են որպես բարձր իրավական գիտելիքներ ունեցող մասնագետի, ով իր մասնագիտական գիտելիքներով, մարդկային կերպարով ու կարողություններով կարող է որակ ապահովել»,- ասաց Վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նաև նշեց, որ արդարադատության նախկին նախարարին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրապարակային պարզաբանումներ արդեն արել է, և դա նշանակում է, որ «Թովմասյանը էթիկայի պահպանման կանոնների տեսակետից լուրջ անելինքեր ունի»:
Շնորհավորելով Հ.Թովմասյանին և դիմելով ներկաներին` վարչապետն ասաց. «Ձեզանից պահանջվում է նորմալ աշխատանքային մթնոլորտ, որ այս կադրային փոփոխությունը լինի սահուն»:
Նորանշանակ նախարարը, իր հերթին, նշեց, որ նախարարի պաշտոնը ստանձնելը «մեծ պատասխանատվություն է»:
«Ես գիտեմ իմ անելիքներն ու խնդիրները, ու յուրաքանչյուրից պահանջվելու է մի բան՝ պրոֆեսիիոնալիզ, աշխատանք, նվիրվածություն: Ես խոստանում եմ, որ շատ շուտ հնարավոր է իրավիճակը փոխել: Խնդիրներին քաջածանոթ եմ ոչ այնքան ամբողջությամբ ու ոչ ներսից, ներկաներին էլ, եթե ոչ անձամբ, ապա բոլորին դեմքով գիտեմ: Ես 40 տարեկան եմ, ու եթե ինձ ճանաչող մարդիկ որոշակի հատկանիշներ են բնութագրում, ապա այն չի կարող փոխվել՝ ինչպիսին պաշտոն էլ որ վարեմ»,- իր ելույթի խոսքում նշեց Հ.Թովմասյանը:
Որպես իրավաբան՝ նա հավելեց, որ քաղաքացիական ծառայողը պաշտպանված է օրենքով, ու կադրային ջարդ չի կարող լինել:
«Միայն պահանջների անբավարարության պարագայում կլինի աշխատանքից ազատում, ոչ մի անձնական այլ բան չի կարող հիմք լինել աշխատանքից ազատելուն»,- նշեց արդարադատության նախարարը: