18/12/2010 16:35
Նախագահ. Ոչ մի լավ բան հեշտ չի տրվում
Հայաստանի առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան: Հայաստանի հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, որ օրենքի առաջ բոլորի հավասարությունը ապահովելը պետական կառույցների խնդիրն է:
«Այսօր մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան: Դրանց պատճառների և նախադրյալների մասին կարելի է ժամերով խոսել, բայց մեր խնդիրն այսօր դրանց հաղթահարումն է»,- նշել է հանրապետության ղեկավարը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ խնդիրն անլուծելիներից չէ. «Կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց: Իհարկե ո՛չ ամբողջությամբ, բայց կաշառակերությունն ու կոռուպցիան հասցվեցին այնպիսի նվազագույնի, որ ժողովուրդը սկսեց հավատալ պետական չինովնիկներին, ոստիկաններին ու դատավորներին: Սա հեքիաթ չէ, սա իրականություն է: Սա մեր վաղվա իրականությունն է: Այդ վաղը մենք պետք է մոտեցնենք մեր ուժերի ողջ լարումով: Մենք հպարտանում ենք մեր հայրենակիցներով, որոնք օրինապահ և օրինապաշտ են արտերկրում: Ես համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կհպարտանանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինապահությամբ: Մեր քաղաքացիները հարգում են օրենքը, երբ այն բոլորի համար է: Օրենքի առաջ բոլորի հավասարությունը և պատժի անխուսափելիությունը պետք է ապահովեն պետական կառույցները: Մենք դա պետք է անենք: Այո՛, դժվար է լինելու, բայց ոչ մի լավ բան այս աշխարհում հեշտ չի լինում»: