20/12/2010 09:51
ԼՂՀ ՊԲ. Հակառակորդը կրկին ակտիվ գործողություններ է ձեռնարկել
Նոյեմբերի կեսերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման նկատելի անկումը, վերջին երկու շաբաթների ընթացքում կրկին իր տեղը զիջեց հակառակորդի կողմից ձեռնարկվող ակտիվ գործողություններին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվական բաժնից, դրանք հատկապես դրսևորվեցին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ, որի ընթացքում օգտագործվեցին նաև ձեռքի նռնականետեր: Միայն դեկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը «АК», «СВД», «РПК», «ПК», «ДШК», «Սև նետ», «УТЁС», «РПГ-7» փոքր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակամարտ զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտել են ավելի քան 80 անգամ` ղարաբաղյան դիրքերի վրա արձակելով շուրջ 450 կրակոց:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: