20/12/2010 15:23
Տ.Դավթյան. «Կողմ եմ բնականոն և զգուշավոր փոփոխությունների»
«Մենք վերադառնալու ենք կայուն տնտեսական զարգացման փուլ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Տիգրան Դավթյանը` խոսելով իր նոր պաշտոնում սպասվելիք քայլերի մասին:
«Մենք վերադառնալու ենք կայուն տնտեսական զարգացման փուլ, որ հնարավորին ավելի արագ կարողանանք վերականգնել այն դինամիկան, որը կար մինչև ճգնաժամը: Դա է իմ հիմնական խնդիրը և կարծում եմ, դա իրատեսական է»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը, հավելելով, որ դրա համար կան բոլոր հիմքերը:
«Կան բոլոր հիմքերը, կա քաղաքական կամք, և տնտեսական իրավիճակն էլ հետզհետե դեպի դրական է գնում: Այդպես որ, ես օպտիմիզմով եմ նայում», - հավելեց Տ.Դավթյանը:
Նախարարը չբացառեց Էկոնոմիկայի նախարարությունում կադրային փոփոխություններ, բայց վստահեցրեց, որ դրանք կտրուկ և մասշտաբային չեն լինելու:
«Ես միշտ կողմ եմ եղել բնականոն և զգուշավոր փոփոխությունների` կայուն, բայց առանց հեղափոխականության: Բայց որոշակի ճշտգրտումներ, բնականաբար, հավանական եմ համարում», - ասաց Տիգրան Դավթյանը: