21/12/2010 16:41
Գերիներին հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբացվող հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են 2010 թվականին կատարված աշխատանքները և 2011 թվականի աշխատանքային պլանը:
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսևորում նույնքան պատրաստակամություն և վճռականություն:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կարևորելով գերիներին ու անհայտ կորածներին վերադարձնելու աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` հանձնաժողովի անդամները նշել են, որ Մանվել Սարիբեկյանի նկատմամբ ադրբեջանական կողմի կիրառված խոշտանգումները, ինչպես նաև Արթուր Բադալյանի գերության մեջ գտնվելը մեկ ու կես տարի ուշացումով հաստատելը վկայում են այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները սահմանափակում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատանքները: