22/12/2010 15:45
2011-ին հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացում չի սպասվում
Ամփոփելով անցնող տարին հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում` Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ հարաբերությունների երկրորդ փուլը, որը սկսվել էր արձանագրությունների ստորագրումից հետո, դժվար էր առաջ գնալու, քանի որ եկել էր կոնկրետ քայլեր և լուծումներ ձեռնարկելու ժամանակը:
Նա նշեց, որ Թուրքիայի քայլերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի կողմից բացակայում են կառուցողական գործողությունները և քաղաքական կամքը:
«Թուրքիայում դեռ պատրաստ չեն Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը: Իսկ Հայաստանի վարած սկզբունքային և պարզ քաղաքականությունը ցույց տվեց, որ Հայաստանը հարաբերությունների հաստատելը չի կարող անել ի հաշիվ իր շահերի»,- ասաց Ռ. Մելքոնյանը:
Թուրքագետի կանխատեսմամբ` 2011-ին հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացում չի սպասվում, քանի որ սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Բանախոսը, սակայն, հավելեց, որ ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիան կրկին կակտիվացնի լոբբիստական աշխատանքը:
Հարաբերությունների կարգավորման ակտիվացում, ըստ թուրքագետի, կարելի է սպասել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո միայն:
«Քանի դեռ արձանագրությունները շարունակում են գոյատևել, թեկուզ սառեցված տարբերակով, այսինքն` ո’չ Հայաստանը, ո’չ Թուրքիան հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները, Թուրքիայի կողմից ցանկության և քաղաքական կամքի դեպքում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարող են շարունակվել կանգնած կետից` արձանագրությունների վավերացմամբ»,- իր խոսքն ամփոփեց թուրքագետը: