22/12/2010 13:05
Ս.Նիկոյան. ՍԴ-ի որոշումը վերջ դրեց տարակարծություններին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով անցնող տարվա ընթացքում մեր երկրի արտաքին քաղաքականությունը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանն ասաց, որ տարին հագեցած էր մի քանի տեսանկյուններից:
ԱԺ փոխնախագահը նախ խոսեց հայ-թուրքական արձանագրությունների մասին: Նրա խոսքերով` գործընթացի հետ կապված կային բազմաթիվ տարակարծություններ և կոնֆլիկտներ, սակայն Սահմանադրական դատարանն իր որոշմամբ վերջ դրեց այդ ամենին: Ս. Նիկոյանը հիշեցրեց, որ թեև Թուրքիան բացասաբար ընդունեց Հայաստանի ՍԴ-ի որոշումը, սակայն միջնորդ երկրները նորմալ ընդունեցին: Նա նշեց, որ հետագայում, երբ Թուրքիան շարունակում էր խոսել նախապայմանների լեզվով, Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը:
«Թուրքիան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական բանակցությունները շարունակվում են, քանի որ ցանկանում է իր նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը բարելավել»,- ասաց Ս. Նիկոյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական գործընթացում միշտ էլ անկեղծ է եղել իր ժողովրդի հետ: