23/12/2010 12:28
Հայաստանի տնտեսությունը մտել է «դրական կոնյուկտուրայի շրջան»
Անցնող տարվա 11 ամիսների ընթացքում արձանագրված 2,6% տնտեսական աճը ոչ թե տնտեսության զարգացման արդյունք կամ հետևանք է, այլ որոշ ոլորտներում տեղի ունեցած վերականգնման գործընթացների հետևանք, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Այս ցուցանիշները հիմնականում պայմանավորված են արդյունաբերության ոլորտում դիտարկված աճով: Բայց արդյունաբերության աճի հիմնական պատճառը լեռնարդյունաբերությունն է` Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի շնորհիվ: Իր հերթին այդ ոլորտի աճը պայմնավորված է պղնձի միջազգային գների աննախադեպ և անսպասելի աճով», - պարզաբանեց փորձագետը, նշելով, որ այսօր պղնձի միջազգային գինը պատմականորեն ամենաբարձրն է` 9,5 հազար դոլար 1 տոննայի դիմաց:
Ըստ բանախոսի` ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսությունը մտել է «դրական կոնյուկտուրայի շրջան», թեև «տարին փակում ենք բավականին գորշ թվերով»:
«Արտաքին միջավայրի ազդակները դրական են: Հարցը նրանում է, թե կարո՞ղ են Հայաստանում գտնել այն մոդելը, որ երկիրն այս վիճակից հանեն», - ասաց Բ.Ասատրյանը:
Տնտեսագետի կարծիքով` երկիրը կանգնած է դեպրեսիոն իրավիճակի առջև, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:
«Սա հասկանում են բոլորը, բայց իշխանությունները չեն ցանկանում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել», - հավելեց նա: