23/12/2010 11:33
ՄԱԿ ԳԱ-ն կարևորել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը
Նյու Յորքում օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) կողմից միաձայն ընդունվել են բանաձևեր, որոնցում կարևորում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այս մասին այսօր հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Մասնավորապես, ԳԱ-ն ընդունելով «Ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականացումը» խորագրով բանաձևը վերահաստատում է և կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին: Կազմակերպության բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը, այն արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում և համարվում է միջազգային ողջ համակարգի կարևորագույն հենասյուներից մեկը:
Նյու Յորքում օրերս ընդունվել է մեկ այլ բանաձև, որն առնչվում է ՄԱԿ-ի և Իսլամական համաժողով կազմակերպության միջև համագործակցությանը, որում ԳԱ-ն խնդրում է նշված երկու միջկառավարական կառույցներին շարունակել համագործակցությունն`ուղղված համընդհանուր խնդիրների լուծմանը, ինչպիսիք են` միջազգային խաղաղության և անվտանգության, զինաթափման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների և ազգերի ինքնորոշման իրավունքի հետ կապված հիմնահարցերը:
Վերը նշված բանաձևերի ընդունմանը ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում նախորդել էին քննարկումներ, որոնց ի թիվս ՄԱԿ-ի շահագրգիռ այլ անդամ-երկրների մասնակցել է նաև Հայաստանը: