24/12/2010 12:32
Գերասիմ Ալավերդյան. «2010թ.-ը անբարենպաստ էր»
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ամփոփեց 2010թ.-ի գյուղատնտեսական ոլորտը և նշեց, որ տարին անբարենպաստ էր, որը դրսևորվեց վաղ գարնանային ցրտահարություններով, անձրևներով, որոնց հետագայում փոխարինեցին առանց տեղումների եղանակները:
Այդ ամենը միասին, ըստ նախարարի, պատճառ հանդիսացավ, որ գյուղատնտեսական տարին ամփոփվի 14,5 տոկոսի անկումով:
Գյուղատնտեսական անկումը հիմնականում գրանցվել է բուսաբուծության ոլորտում:
«Բուսաբուծության համախառն արտադրանքի բոլոր ուղղություններով ունեցանք նվազում»,- շեշտեց գյուղատնտեսության նախարարը:
Ըստ Գ. Ալավերդյանի` 2010թ.-ին հացահատիկաընդեղենային ցանքատարածությունները կրճատվել են մոտ 16 հազար հա` նախորդ տարվա համեմատ: Կրճատումը նախարարը պարզաբանեց «բնակլիմայական պայմաններով, սուբսիդիայի կրճատմամբ»:
Նվազել է նաև կատոֆիլի բերքը, որն այս տարի 490 հազար տոննա էր` նախորդ տարվա 590 հազար տոննայի դիմաց, որը նույնպես նախարարը պարզաբանեց բերքատվության անկումով և ցանքսերի կրճատմամբ. 2009թ.-ին 31,5 հազար հա-ի դիմաց 2010թ.-ին ցանվել է 28 հազար հա: