24/12/2010 14:03
ՎԾ. «Ժամկետանց դեղերը և մակնշումների կեղծումները բազմաթիվ են»
Պոլիկլինիկաները պետպատվերի շրջանակներում դեղերը ձեռք են բերում ավելի թանկ, քան մատակարարող կազմակերպությունը դրանք վաճառում է դեղատներին: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՎԾ-ն դեռ շարունակում է ուսումնասիրել պոլիկլինիկաներում դեղերի հետ կապված խնդիրները, և ավարտից հետո ՀՀ Նախագահի մոտ խորհրդակցություն կհրավիրվի:
«Մարդասիրական օգնության քողի տակ դեղեր են մտնում Հայաստան, որոնց մեջ կան նաև Հայաստանում չգրանցված դեղեր, որոնք չեն ենթարկվում լիարժեք փորձաքննության` որակի և անվտանգության տեսանկյունից, բացակայում է որակի հավաստագիրը, արտադրողի անունը, պիտանելիության ժամկետը: Բարեգործական ծրագրերով ներմուծում են պիտանելիության մնացորդային կարճ ժամկետով, ոչ օպտիմալ չափով դեղեր, որոնք ամբողջովին չեն սպառվում»,- նշեց Հ. Հովսեփյանը:
ՎԾ-ն անցնող տարում ստուգել է Առողաջապահության նախարարության դեղատների լիցենզիոն պայմանները` 96 դեղատնային կրպակներում: Հ. Հովսեփյանը հայտնեց, որ լիցենզիոն պայմանագրերում 177 խախտումներ են հայտնաբերել: Դեղատներում հայտնաբերվել են նաև 471 անուն չգրանցված և ժամկետանց դեղեր, որոնք հանձնվել են ԱՆ-ին` ոչնչացման համար: Ընդ որում, դեղի 1 կիլոգրամը ոչնչացնելն արժե 3-5 դոլար:
«Ժամկետանց դեղերը և մակնշումների կեղծումները բազմաթիվ են»,- փաստեց ՎԾ ղեկավարը:
Միաժամանակ նա նկատեց, որ մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի բաշխման ժամանակ դրանք շատ դեպքերում չեն հասնում հասցեատերերին, դուրս են գրվում անհայտ անձանց անունով, ապա իրացվում են:
Հ. Հովսեփյանի խոսքով, բարեգործական հատուկ չվերթներով եկող բեռները դուրս են մնում ՊԵԿ տեսադաշտից. «ՊԵԿ-ի մեղքը քիչ է: Չենք գտնում մի պատասխանատու մարդ, ով կասի, թե վերջնական հասցեատերն ով է»:
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը նշեց, որ ստուգումներ են իրականացվել նաև Կառավարության Բարեգործական ծրագրերի հանձնաժողովում և պարզվել է, որ այն օրենսդրական խախտումներով բարեգործական է որակել գործարքներ, որոնցով նախատեսված գործողությունները մասնակի կամ լրիվ արդեն կատարված են եղել, իսկ դա հնարավորություն է տալիս խուսափել հարկերից: