27/12/2010 13:39
Հ.Դեմոյան. Հայ-թուրքական արձանագրություններն արժեզրկված են
Հայ-թուրքական գործընթացում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը` կասեցնել արձանագրությունները, կանխատեսելի էր, և բխում է Թուրքիայի պահվածքից: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը:
Այս գործընթացից ակնկալիքներ ունեին երկու կողմերն էլ, սակայն, ըստ Դեմոյանի, Թուրքիան ակնկալում էր «հավելյալ բոնուսներ». «Թուրքիան ցանկանում էր ակտիվացնել և հասնել Ղարաբաղյան հարցում որոշակի առաջընթացի, փորձում էր միջազգային հանրությանը վստահեցնել, որ իրենց նախաձեռնած պատմաբանների հանձնաժողովի գաղափարը ընդունելություն է գտել հայկական կողմում և հայ-թուրքական սահմանի հետ կապված արձանագրել այն սահմանագիծը, որն այժմ կա»:
Հ. Դեմոյանի խոսքերով` Թուրքիան չստորագրեց արձանագրությունները, քանի որ «ակնկալվող բոնուսները» չիրականացան:
Հայ-թուրքական գործընթացը, ինչպես ասաց պատմաբանը, ավարտված է, իսկ արձանագրությունները` արժեզրկված:
«Իհարկե Թուրքիայի գործելաոճի պատճառով», - նշեց Հ.Դեմոյանը և կարծիք հայտնեց, որ այս արձանագրությունները չեն կարող հիմք հանդիսանալ գործընթացի շարունակման համար:
«Եթե մոտ ապագայում գործընթաց սկսվի, անկախ նրանից, թե որ կողմը կնախաձեռնի, միևնույն է անհարաժեշտ են նոր փաստաթղթեր»,- ասաց Հ.Դեմոյանը` հավելելով, պետք է օրակարգի մեջ դնել նոր փաստաթուղթ:
Թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ հայկական կողմն այս դեպքում ճիշտ և գրագետ գործեց: