28/12/2010 09:19
Նեթանյահու. Իսրայելը ներողություն չի խնդրի Անկարայից
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Channel 10 իսրայելական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Թուրքիայից ներողություն խնդրել` «Ազատության վանախմբի» գրոհի ժամանակ Թուրքիայի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:
«Մենք ներողություն չենք խնդրի, սակայն մեր ցավակցությունն ենք հայտնում մարդկային զոհերի կապակցությամբ», - Բի-բի-սի-ի փոխանցմամբ` ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը նաև ընդգծել է, որ Թուրքիան Իսրայելի գործողությունները պետք է ճանաչի հարկադրված ինքնապաշտպանություն, այլ ոչ թե չար մտադրություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը: Սակայն Նեթանյահուի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել` պնդելով, որ դա Լիբերմանի անձնական կարծիքն է, իսկ պետության դիրքորոշումը իրավունք ունի արտահայտել միայն վարչապետը: