28/12/2010 11:10
ԵՄ և ԱՄՆ հետևում են Խոդորկովսկու դատավճռի շուրջ իրադրությանը
ԱՄՆ նախագահի մամլո քարտուղարը տարածված հատուկ հայտարարության մեջ մտահոգություն է արտահայտել Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի դատավճռի կապակցությամբ:
«Օրենքի ակնհայտ ընտրողական կիրառումն այդ անձանց հանդեպ խաթարում է Ռուսաստանի վարկը որպես երկրի, որը հակված է ամրապնդել իրավական պետությունը»,- ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, նշվում է Սպիտակ տան հայտարարությունում:
«Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի` փողերի շորթման և լվացման մեղադրանքով, երկրորդ գործով այսօրվա մեղադրական դատավճիռը լուրջ հարցեր է առաջացնում` արդարադատության ընտրողականության և քաղաքական նկատառումներով դրա ստվերոտման վերաբերյալ»,- իր հերթին, համաձայն ՌԻԱ Նովոստիի, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունում:
Եվրամիության արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քետրին Էշտոնը ի գիտություն է ընդունել Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի հանդեպ մեղադրական դատավճիռը:
«Եվրոպական միությունը կշարունակի շատ ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը, այդ թվում` դատավճռի առաջիկա հրապարակմանը»,- ասվում է ՌԻԱ Նովոստիում ստացված ԵՄ մամլո հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ ԵՄ-ն, ինչպես դա ընդգծվել էր դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած երկկողմ գագաթնաժողովի ժամանակ, Ռուսաստանից սպասում է «մարդու իրավունքների և օրենքի գերակայության բնագավառում միջազգային պարատավորությունների պահպանում»: