29/12/2010 15:27
Հայերը Նոր տարին դիմավորում էին մաքուր տանը, զուսպ սեղանով
Հայկական ավանդական Նոր տարին սկսվել է տունը, բնակարանը, բնակավայրը, շրջապատը մաքրելով, որին զուգընթաց ընթանում էր նաև մարդու մարմինը և հոգին մաքրագործելու արարողությունը: Մարդիկ ձգտում էին Ամանորին նորազգեստ լինել:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը և հավելեց, որ նորի ընկալումը կապված էր տարվա հաջող սկզբի և ընթացքի հետ:
Ազգագրագետը նշեց, որ հունվարի 1-ը համընկնում էր Պահքի շրջանին և, ի տարբերություն ներկայիս ճոխ արարողությունների, անցյալում զուսպ է եղել տոնական սեղանը:
«Տոնական ուտեստի հիմնական բաղադրիչները պայմանավորված էին բուսական, հատկապես` հատիկային կերակրատեսակներով: Ընտրում էին 7 տեսակի հատիկ, գերազանցապես լոբի, սիսեռ, ոսպ և այլն»,- տեղեկացրեց Ռաֆայել Նահապետյանը:
Ըստ բանախոսի, տոնական սեղանին մատուցել են քյուֆթա, պասուց տոլմա, որոնք համարվել են Ամանորի ամենաշքեղ ուտեստը, ինչպես նաև մայրամաճաշը, որը նունպես պատրաստում էին հատիկներից: Սեղանների զարդն էր համարվում նաև տարբեր մրգատեսակները: