04/01/2011 12:53
Facebook-ն արժե 50 մլրդ դոլար
Հանրաճանաչ Facebook սոցիալական ցանցը ներգրավել է 500 մլն դոլար` ներդրումային Goldman Sachs բանկի և ռուսական Digital Sky Technologies (DST) ընկերության հետ գործարքի արդյունքում, ինչը փորձագետներին թույլ է տալիս կայքի ընդհանուր արժեքը գնահատել ռեկորդային 50 մլրդ դոլար: Այս մասին տեղեկացնում է New York Times-ը:
Պայմանագրի համաձայն` Goldman Sachs-ը Facebook-ում ներդրել է 450 մլն դոլար, DST-ը` ևս 50 մլն դոլար: Այժմ սոցիալական ցանցն արժե 50 մլրդ դոլար, այսինքն` ավելի շատ, քան eBay աճուրդային կայքն ու Time Warner ընկերությունը:
Կողմերը հրաժարվել են մանրամասներ ներկայացնել գործարքի մասին: Նշվում է, որ Facebook-ը ներդրումներն օգտագործում է նոր արտադրանքի մշակման, հնարավոր է` նոր բաժնետոմսերի ձեռքբերման համար: Goldman Sachs-ի կողմից Facebook-ի նկատմամբ հետաքրքրությունն ստիպում է ենթադրել, որ սոցիալական ցանցն իր բաժնետոմսերով կարող է դուրս գալ ֆոնդային շուկա:
Ներդրումների հոսքը Facebook-ին հնարավորություն կտա նաև այլ ընկերությունների արժեքավոր աշխատակիցներին իր կողմը գրավել, հնարավոր է նաև` «կուլ տալ» շուկայի մյուս մասնակիցներին:
Գործարքը գրավել է ամերիկյան Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC), որը քննություն է սկսել մասնավոր ինտերնետ-ընկերությունների արժեթղթերի վաճառքի գործով, այդ թվում և Facebook-ի: