04/01/2011 11:05
Կենսաթոշակները կվճարվեն «Հայփոստի» բաժանմունքներում
Այսօր և վաղը կվճարվեն այս տարվա առաջին կենսաթոշակները։ 2011 թ-ից Հայաստանում իրականացվելու է կենսաթոշակների վճարման երկու տարբերակ՝ կանխիկ և անկանխիկ։ Կանխիկ վճարումը կիրականացվի «Հայփոստի», անկանխիկը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համաձայնագիր կնքած բանկերի միջոցով։
«Հայփոստ»-ից Aysor.am-ին հավաստեցին, որ փոխանցումն արդեն կատարվել է և կենսաթոշակների վճարումը շուտով կսկսվի:
Ավելի վաղ ընկերությունում վստահեցրել էին, որ թոշակների վճարումը կիրականացնի ժամանակին, ուշացումներ չեն լինի։ Ենթադրվում է, որ կենսաթոշակների վճարումը «Հայփոստի» միջոցով կբացառի կոռուպցիան, ինչը նախկինում մեծ տարածում է ունեցել:
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ընկերության միջև 2010 թ. դեկտեմբերի 29-ին համաձայնագիր էր կնքվել Երևանում կենսաթոշակների կանխիկ վճարումն իրականացնելու մասին։ Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ այս տարվա հունվարից լուծարվելու է Սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայությունը, որի միջոցով էլ նախկինում մայրաքաղաքում իրականացվում էր կենսաթոշակների վճարումը։ Սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների արդեն նախկին ծառայության աշխատակիցների մի մասը, համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո, աշխատանքի կանցնեն «Հայփոստում»։
«Հայփոստը» մայրաքաղաքի կենսաթոշակառուներին ծանուցագրեր կուղարկի, որպեսզի նրանք իմանան իրենց սպասարկող փոստային բաժանմունքի հասցեն։