07/01/2011 14:37
Զենքի արտահանմամբ ՌԴ-ն այս տարի նույնպես կգրավի երկրորդ տեղը
Ռուսաստանը 2011թ. արտասահմանին կվաճառի 10,14 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա՝ այդպիսով պահպանելով իր երկրորդ տեղն աշխարհի խոշոր զենք արտահանողների շարքում: Նման կանխատեսում է արել Զենքի վաճառքի վերլուծության համաշխարհային կենտրոնի (ЦАМТО) գլխավոր տնօրեն Իգոր Կորոտչենկոն՝ ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա զենքի արտահանման ամենախոշոր արտահանողներն է ԱՄՆ-ն (28,56 միլիարդ դոլար):
Ռազմական նշանակության արտադրանքի կանխատեսելի արտահանման ծավալների նվազման կարգով սպառազինությունների համաշխարհային խոշորագույն վաճառողների տասնյակում 2011թ.-ին կլինեն Գերմանիան (5,3միլիարդ դոլար), Ֆրանսիան (4,02 միլիարդ դոլար), Մեծ Բրիտանիան (3,44 միլիարդ դոլար), Իտալիան (2,4 միլիարդ դոլար), Իսրայելը(1,38 միլիարդ դոլար), Շվեդիան (1.34 միլիարդ դոլար) և Չինաստանը(1,16 միլիարդ դոլար):
Ռուսաստանի ռազմական արտահանման կառուցվածքում սպառազինությունների առանձին տեսակների մեջ ավիացիոն տեխնիկան այս տարին զբաղեցնելու է առաջին տեղը՝ 3,384 միլիարդ դոլար (ընդհանուր արտահանման ծավալի 33,4 տոկոսը): Երկրորդ տեղը կզբաղեցնի ռազմածովային տեխնիկան ՝ 2,103 միլիարդ դոլար (20,7%), երրորդ տեղում կլինի զրահատանկային տեխնիկան՝ 1,759 միլիարդ դոլար (17,35%): «Ուղղաթիռային տեխնիկայի» մատակարարման ծավալները կանխատեսվում է 1,358 միլիարդ դոլարի (13,4%) չափով, իսկ հակաօդային պաշտպանության տեխնիկան մոտ 750 միլիոն դոլարի ծավալով (7,4%): Փորձագետները հաշվարկել են, որ հրթիռա-հրետանային սպառազինությունների մասով պատվերների փաթեթը այս տարի կազմում է 48,4 միլիոն դոլար (0,5%): Մյուս բոլոր սպառազինությունների գծով արտահանումը կկազմի գրեթե 735 միլիոն դոլար (7,25%):
Այս տարի ամենախոշոր պայմանագրերը կկնքվեն ռազմական ավիացիայի տեխնիկայի ոլորտում, ասել է Կորոտչենկոն: