07/01/2011 11:09
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Մինսկում ձերբակալվածների ճակատագրով
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպումներ է ունեցել Բելառուսի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և քննարկել է այս երկրում վերջերս ձևավորված իրավիճակը: Այս մասին, ըստ Ինտերֆաքսի, ասված է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլիի տարածած հայտարարության մեջ:
Համաձայն հայտարարության` պետքարտուղարը դատապարտել է «ընդդիմադիր առաջնորդների, քաղաքացիական հասարակության և լրագրողների ելույթներին խոչընդոտելը» Բելառուսում:
Ֆ.Քրոուլին նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարը մտահոգված է Մինսկում ձերբակալվածների և նրանց ընտանիքների ճակատագրով, և այս հարցը գտնվում է Բելառուսում ԱՄՆ դեսպանության հսկողության ներքո:
Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում են Բելառուսի իշխանությունների գործողություններին և քննարկում են պատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը:
Բացի այդ, պետքարտուղարը հիշեցրել է ԱՄՆ-ի և Եվրամիության համատեղ հայտարարության մասին, որում դատապարտվում է բռնությունը և պահանջ է առաջադրվում անհապաղ ազատել բոլոր ձերբակալվածներին:
«Պետքարտուղարը կրկնել է այդ կոչը և պահանջել է վերջ տալ ընդդիմության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ռեպրեսիվ գործողություններին», - ասված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում: