10/01/2011 15:13
Հաստատվել է կոռուպցիայի դեմ պայքարի նոր ծրագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեկտեմբերի 30-ի հրամանով հաստատվել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը», որն արժանացել էր ՀՀ կառավարության հավանությանը, տեղեկացնում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Ծրագրի էլեկտրոնային տարբերակն առաքվել էր Հայաստանում կրթական գործունեություն իրականացնող բոլոր միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններին` քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
Քննարկումներ են կազմակերպվել ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում, ՀՀ Հանրային խորհրդում, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդում, ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստում, ինչպես նաև ուսանողական տարբեր միավորումներում:
«Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը» հրապարակվել էր «Կրթություն» շաբաթաթերթի դեկտեմբերի 1-ի համարում և տեղադրվել` ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքէջում:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպություններից և քաղաքացիներից ստացել էր 108 առաջարկություն, որոնք ամփոփվել և ներառվել են ծրագրում: