11/01/2011 11:59
Նեթանյահուն Facebook-ում «զեկուցել» է իր աշխատավարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ինտերնետ-օգտագործողների խնդրանքով Facebook սոցիալական ցանցում հրապարակել է աշխատանքային ամփոփագիրը, որից պարզ է դառնում, որ նրա ամսական աշխատավարձը կազմում է 44 հզ. շեկել (մոտ 12 հզ. դոլար), սակայն առձեռն ստանում է միայն այդ գումարի 1/3-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հարկերի, բջջային հեռախոսի և ստացիոնար կապի վարձի, 4 թերթի բաժանորդագրության և զրահապատ մեքենայի շահագործման ծախսերը հանելուց հետո Նեթանյահուն ընտանեկան բյուջեն համալրել է 15 հզ. շեկելով (4.2 հզ. դոլար):
«Համացանցով ստացվող խնդրանքներին ի պատասխան, վարչապետը որոշել է լիովին պարզություն մտցնել իր ամսական աշխատավարձի հարցում»,- ասվում է արտատպված ամփոփագրին կից մեկնաբանությունում, որը տեղակայված է կառավարության ղեկավարի անձնական էջում:
Համաշխարհային առաջնորդների աշխատավարձերի վարկանիշային ցուցակում, որը հեղինակավոր Economist ամսագիրը կազմել է անցած տարի հուլիսին, Իսրայելի վարչապետը գրավել է վերջին տեղերից մեկը: Առաջին տեղում է եղել Սինգապուրի վարչապետը, ում աշխատավարձը, ամսագրի տվյալներով, կազմում է 2.18 մլն դոլար տարեկան: