12/01/2011 11:47
ՀԲ աջակցությունը ՀՀ կառավարությանը շարունակվելու է
Համաշխարհային բանկը (ՀԲ ) ՀՀ կառվարության հետ աշխատում է մրցակցային դաշտի բարելավման, շուկայի ազատականացման, հանքահումքային արդյունաբերության զարգացման, «Ընդերքի մասին» օրենսդրության բարելավման, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում: Այս մասին այսօր ասուլիսում տեղեկացրեց ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապին:
«Հայաստանում ՀԲ պորտֆելը բաղկացած է 18 ակտիվ ծրագրերից, իսկ ընդհանուր հանձնառությունների արժեքը 1992 թ.-ից ի վեր կազմում է 1մլրդ 433 մլն դոլար»,- հայտնեց Ժ.Մ. Հապին, հավաստելով, որ ՀԲ աջակցությունը ՀՀ կառավարությանը շարունակվելու է և առաջիկայում քննարկումներ կծավալվեն, թե այս վարկային միջոցները որ առաջնահերթ խնդիրների լուծմանը պետք է ուղղվեն:
Ժ.Մ. Հապիի խոսքով, ՀՀ կառավարության հետ պետք է նաև վերանայվի առաջիկա երկու տարիների համագործակցության ծրագիրը:
Նշենք, որ զարգացման քաղաքականության առաջին գործառնության ծրագրով ՀԲ-ն ՀՀ-ին 2009 թ-ին հատկացրել է 60 մլն դոլար: Այս տարվա ընթացքում սպասվում է նաև երրորդ գործառնության հաստատումը: