12/01/2011 11:43
ՀԲ-ն Հայաստանին հատկացնում է 25 մլն դոլարի վարկ
Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է զարգացման քաղաքականության երկրորդ գործառնությունը, որի շրջանակներում Հայաստանին հատկացվելու է 25 մլն դոլար գումարի վարկ: Այս մասին այսօր ասուլիսում տեղեկացրեց ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապին:
«Սա առաջին վարկային ծրագիրն է, որը հաստատվեց 2011 թ-ին: Այն ծրագրային աջակցության մաս է կազմում»,- ասաց Ժ.Մ. Հապին, հավելելով, որ 2009 թ.-ի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ՀԲ-ն սերտորեն աշխատել է ՀՀ կառավարության հետ` կարևորելով սոցիալական անապահով խմբերի պաշտպանությունը:
Վարկային միջոցներից 21 մլնը հատկացվել է միջազգային զարգացման ընկերակցության պայմաններով (ամենափափուկ պայմաններն են), իսկ 4 մլն-ը` ՎԶԵԲ-ի պայմաններով: Ժ.Մ. Հափիի խոսքով, այս վարկը կօժանդակի ՀՀ կառավարությանը պահպանել սոցիալական անապահով խմբերին ուղղված ծախսերը: Նման ծախսերն, ըստ ՀԲ երևանյան գրասենյակի տնօրենի, 2010-2011թթ. ընթացքում կկազմեն 30 %: Նրա համաձայն, այս վարկի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի նաև գյուղական աղքատ համայնքներում նախադպրոցական կրթության մատչելիությանը: