13/01/2011 10:29
Հայաստանը ճանաչվել է տնտեսապես «չափավոր ազատ» երկիր
Heritage Foundation-ը և Wall Street Journal-ը կազմել են երկրների տնտեսական ազատության վարկանշային սանդղակ, որտեղ Հայաստանը, ստանալով 69.7 միավոր, 36-րդ տեղն է զբաղեցրել: Ընդհանուր առմամբ դիտարկվել է 183 երկիր: Այս մասին հայտնում է ԱՐԿԱ լրատվականը:
Ըստ հավաքած միավորների` Հայաստանը համարվում է տնտեսապես «չափավոր ազատ» երկիր: Այդ խմբում ընդգրկված են Սլովակիան, Իսրայելը, Իսլանդիան, Հունգարիան, Լատվիան, Ֆրանսիան, Սլովենիան, Թուրքիան, Պորտուգալիան և Իտալիան, որոնք, իդեպ, ավելի ցածր դիրքեր են գրավել, քան Հայաստանը:
Ադրբեջանը վարկանշային սանդղակում հայտնվել է 92-րդ տեղում և համարվում է «ընդհանուր առմամբ տնտեսապես ոչ ազատ» երկիր:
Տարածաշրջանում լավագույն` 29-րդ տեղը զբաղեցրել է Վրաստանը` 70.4 միավորով:
Ռուսաստանը 143-րդ տեղում է:
Տնտեսական ազատության վարկանշային սանդղակը գլխավորում է Հոնկոնգը: Առաջատար տասնյակում են Սինգապուրը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Իռլանդիան, Դանիան, ԱՄՆ-ը և Բահրեյնը: