13/01/2011 16:12
Գ. Այվազյան. Ադրբեջանը նախապատրաստում է խոշոր ռազմական սադրանք
«Ադրբեջանը նախապատրաստում է խոշոր ռազմական սադրանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ հավելելով, որ այդ տեղեկությունը ստացվել է «հավաստի աղբյուրներից»:
Ըստ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի` Ադրբեջանը ստիպված է գնալ այդ քայլին, քանի որ գիտակցում է, որ գտնվում է անելանելի վիճակում և այլընտրանք չունի:
Գրիգորի Այվազյանը հայտարարեց, եթե միջազգային հանրությունը և Ադրբեջանը հաշվի չառնեն հակամարտության հիմնական տուժած և շահագրգիռ կողմի՝ ադրբեջանահայության օրինական իրավունքները և շահերը, ադրբեջանահայությունը ստիպված է լինելու իր իրավունքների պաշտպանության համար դիմել ծայրահեղ քայլերի, այն է՝ «Նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքում ստեղծել անկախ ադրբեջանահայկական հանրապետություն»:
Ըստ Գրիգորի Այվազյանի՝ տվյալ պարագայում դա կլինի հարցի լավագույն լուծումը:
«Աղերսների, խնդրագրերի ժամանակը վաղուց անցյալում է մնացել, և հիմա մենք պետք է հանդես գանք պահանջատիրական դիրքերից»,- հավելեց Գրիգորի Այվազյանը: