13/01/2011 15:47
Ադրբեջանի «հախճապակյա երազանքը» ԼՂՀ ճանաչումը հետաձգելն է
Թեև Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովից մեծ սպասելիքները չիրականացան, այդուհանդերձ չի կարելի չտեսնել այն, որ վերջին ժամանակներում ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությունը բավականին մեղմվել է, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
Բանախոսի կարծիքով` սա միջազգային ուժային կառույցների հետ որոշակի բանակցությունների արդյունք է:
Ըստ պատգամավորի` Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում 2011 թվականին ևս մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ:
«Ոչինչ էական տեղաշարժված չէ, այնպես, որ չեմ կարծում, թե կտրուկ շրջադարձ տեղի կունենա կամ ինտենսիվացում կլինի», - ասաց Վ.Խաչատրյանը, հավելելով, որ Ադրբեջանն այսօր ուժային որևէ կառույցի վերջնական հովանու ներքո չէ, որպեսզի կարողանա գործընթացը մինչև վերջ տանել:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը շեշտը հիմա դնում է նրա վրա, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդիրը հետաձգվի տասնամյակներ` 20-30 տարի, իբր այդ ընթացքում կլուծվեն որոշակի այլ հարցեր: Սա է Ադրբեջանի հախճապակյա երազանքը»,- եզրափակեց Վ.Խաչատրյանը: