13/01/2011 11:41
Լիբանանի կառավարությունը կազմալուծվեց
Լիբանանի կառավարությունը չորեքշաբթի կազմալուծվել է` 11 նախարարների հրաժարականների պատճառով, հայտնում է ՌԲԿ.ռու-ն, հղում անելով Associated Press-ին:
Ըստ աղբյուրի, կառավարությունը լքել են «Հզբոլլահ» շարժման և նրա դաշնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մասնավորապես` էներգետիկայի նախարար Ջեբրան Բասիլը: Լիբանանի օրենսդրության համաձայն` 30 նախարարներից 11-ի հրաժարականն ինքնաբերաբար կառավարության լուծարում է նշանակում:
Կառավարության կազմալուծման վարկածներից մեկը շիաների դաշինքի վաղեմի կոնֆլիկտն է Լիբանանի վարչապետ Սահադ Հարիրիի հետ` նրա հոր, Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով քննության արդյունքների վերաբերյալ կոշտ դիրքորոշման պատճառով:
Հիշեցնենք, որ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին սպանվել է 2005թ. փետրվարի 14-ին Բեյրութում: Թեև Հարիրիի սպանությունը հետաքննող ՄԱԿ-ի Հաագայի միջազգային դատարանը չի նշել հնարավոր մեղավորների անունները, սակայն սպասվում է, որ Հարիրիի սպանության մեջ կմեղադրվեն նաև «Հզբոլահ» խմբավորման անդամները: