13/01/2011 14:09
Ա. Մարկարով. «Մեր ձեռքում այժմ կա հաղթաթուղթ»
Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն, իսկ զարգացումներ կլինեն, թե ոչ` ցույց կտա ժամանակը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ նման տեսակետ հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Միանշանակ մեր ձեռքում այժմ կա հաղթաթուղթ, քանի որ այժմ արդեն ինքնորոշման իրավունքի ևս մեկ հաջող կիրառման մասին է խոսվում», - ասաց քաղաքագետը:
Նա նշեց, որ ադրբեջանական կողմը որոշ չափով մտահոգված է, քանի որ խոսքը չի գնում քաղաքակրթությունների բախման, քրիստոնյաների և մահմեդանակնների բախման մասին, այլ «միանշանակ խոսվում է ազգերի ինքնորոշման մասին»:
Ա. Մարկարովը հավելեց, որ ադրբեջանցիների համար դեռ պարզ չէ, թե որ քաղաքակրթությանն են պատկանում, քանի որ տարբեր ժամանակներում խոսում են տարբեր բաների մասին:
Այս դեպքում, երբ խոսքը վերաբերում է ազգերի ինքնորոշման իրավունքին, ըստ Ա. Մարկարովի, իրավիճակը մեզ համար դառնում է շահեկան, քանի որ դրա պաշտպանության օգտին կանգնած է Հայաստանը` որպես Ղարաբաղի անկախության համար բանակցությունների խաղաղ գործընթացի շարունակման երաշխավոր: