13/01/2011 14:47
Լեհաստանը չի կարող արգելել իր քաղաքացիներին այցելել ԼՂՀ
Լեհաստանի արտգործնախարարությունը հաստատում է, որ Վարշավան պահպանում է իր չեզոքությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ և կրկին նշում է, որ լուծումը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Aysor.am-ի թղթակցին հայտնեցին Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատանը:
Դեսպանատանը հրաժարվեցին մեկնաբանել Բաքվում Լեհաստանի դեսպանատան կայքում տեղադրված այն տեղեկությունը, թե Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունն արգելել է իր երկրի քաղաքացիներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ:
Ըստ երևանյան դեսպանատան` նման տեղեկատվություն Բաքվի դեսպաանատան կայքում եղել է, սակայն այսօրվա դրությամբ անհայտ տեխնիկական պատճառներով կայքը չի աշխատում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ», - շեշտեց Հայաստանում Լեհաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Մաչեյ Ֆալկովսկին, ընդգծելով, որ Լեհաստանի քաղաքացիներն ազատ են Լեռնային Ղարաբաղ այցելելու որոշում կայացնելու մեջ:
«Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը ևս չի կարող արգելել իր երկրի քաղաքացիներին այցելել Լեռնային Ղարաբաղ», - նշեցին դեսպանատանը:
Նշենք, որ Ադրբեջանում Լեհաստանի դեսպանատան պաշտոնական կայքը (http://www.baku.polemb.net/) տեղեկություն էր տեղադրել, թե Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունն արգելել է իր քաղաքացիներին այցելել Լեռնային Ղարաբաղ, քանի որ «համապատասխան միջազգային իրավունքի` այն Ադրբեջանի մաս է կազմում»: Լեհաստանի ԱԳ նախարարությունը նաև կոչ է արել իր քաղաքացիներին այցելել Լեռնային Ղարաբաղ` Բաքվում «թույլտվություն ստանալուց հետո»:
Նշենք նար այս առնչությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել ԼՂՀ արտգործնախարարությունը: