14/01/2011 12:01
Հայաստանը Ադրբեջանի սպառազինությունների դեմ պատասխան ունի
Ադրբեջանի ռազմական գերազանցությունը ապահովող երկու կարևոր միջոցների՝ հրթիռային տեխնիկայի ու օդուժի կիրառման վտանգը մեր երկրի հանդեպ չեզոքացվել է, և նվազել է Ադրբեջանի՝ հաղթանակի հասնելու հավանականությունը: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքով՝ անցնող տարվա վերջին մեր սպառազինությունները համալրվեցին՝ հատկապես հակաօդային պաշտպանության տեսանկյունից:
«Ժամանակակից պատերազմում հաղթանակ ձեռք բերելու համար կարևոր է ավիացիայի, օդուժի ու տեխնիկայի դերը, քանի որ վերջիններիս օգնությամբ հաղթելու տեսակարար կշիռը մեծ է»,- ասաց Դ.Ջամալյանը:
Ռազմական փորձագետը համոզված է, որ այս տարի էլ դիրքերի առաջին գծում լարվածությունը պահպանվելու է:
«Կլինեն փոքր մասշտաբի բախումներ, որոնք կունենան քաղաքական ենթատեքստ, որպեսզի ապահովեն Ալիևի հայտարարությունների հիմնավորվածությունը»,- պարզաբանեց նա, հավելելով, որ վստահ է՝ հրադադարի ռեժիմի խախտումից ավել պետք չէ ակնկալել ոչինչ, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի ու միջազգային հանրության առաջ պատասխան տալու խնդիր ունի:
Ասուլիսին մասնակցող ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով` նախորդ տարին ցույց տվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը լուրջ հաջողություն չեն արձանագրել, ուղղակի փաստն ուռճացված է ներկայացվել վերջիններիս կողմից:
«Եթե նրանք վստահ են, որ լավ են սպառազինվել, ապա ՀՀ-ն բավարար չափով է զինված: Մենք նրանց ցանկացած սպառազինության դեմ ունենք պատասխան: Չեմ կարծում, որ խելացի ղեկավարը նման բախտախնդիր քայլ կկատարի, քանի որ նրանց ձեռք բերածն ու որակական աճը դեռ այն մակարդակը չունեն, որ կարողանան պատերազմ սկսել»,- մեկնաբանեց Ա.Հովհաննիսյանը: