17/01/2011 14:58
«Ֆուտբոլային դիվանագիտություն կոչված բլեֆն ավարտվեց»
2010 թվականի Հայաստանի արտաքին քաղաքական անցուդարձն այսօր ասուլիսի ժամանակ ամփոփեց ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Բանախոսի կարծիքով, տարին այնքան էլ լավատեսական չէր, որքան այն ներկայացրեց գործող նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ քաղաքական գործչի` տարվա ընթացքում «տապալվեցին այն բոլոր գործընթացները», որոնք մեկնարկել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարմամբ:
«Այդքան գովերգված «ֆուտբոլային դիվանագիտությունը» 2010 թվականի ապրիլին իր վախճանին հասավ, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակներում շարունակվեցին իմիտացիոն գործընթացները», - ասաց նախկին արտգործնախարարը:
Նրա կարծիքով` տարվա ընթացքում միջազգային հանրությունը հստակեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
«Այդ ոգով ընթացան բոլոր երկկողմ հանդիպումները և, ինչպես և սպասվում էր, Աստանայում ուղղակի դա ստացավ իր ամփոփ ձևակերպումը», - ասաց Ա.Արզումանյանը, որպես հայկական դիվանագիտության բացթողում գնահատելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վերաժողովի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանող բանաձևի ընդունումը:
ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով` տարվա ընթացքում ԱԳ նախարարության գործունեությունը հիմնականում միտված է եղել Հայաստանի դրական իմիջի պահպանմանը, և ԵԽԽՎ-ի կողմից որևէ պատժամիջոցների բացառմանը, մինչդեռ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը փորձեր էր կատարում ԼՂ հիմնահարցի կարգավորումը տեղափոխել այլ միջազգային հարթակներ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նախկին նախարարը նշեց, որ կողմ է մնում հարաբերությունների կարգավորմանը` միաժամանակ բացասական վերաբերվելով Արձանագրություններին: Ըստ բանախոսի` դրանք չմտածված փաստաթղթեր էին, որոնք մշակվել էին դրսում, «անգամ դրանց տեքստերը Վաշինգտոնում էր գրվել»:
«Կարծում եմ՝ ֆուտբոլային դիվանագիտություն կոչված բլեֆն ավարտվեց», - հայտարարեց նա՝ հավելելով, որ այժմ ժամանակն է, որ երկու երկրների ղեկավարները նստեն սեղանի շուրջ և «զրոյից» բանակցեն:
Խոսելով 2010 թվականի ամռանը Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետը երկարաձգող հայ-ռուսական համաձայնագրի ստորագրման վերաբերյալ` Ա.Արզումանյանը կարծիք հայտնեց, որ նման համաձայնագրի կնքումը վկայում է այն մասին, որ կողմերը միմյանց չեն վստահում: