17/01/2011 13:54
Ջ.Գասպարյան. Դուդուկի դպրոց բացելու համար հովանավորներ են պետք
Դուդուկահարների դպրոց բացելու նպատակը ոչ թե բիզնեսով զբաղվելն է, այլ` մանկատան տաղանդավոր երեխաներին անվճար դուդուկ նվագել սովորեցնելը: Այս մասին ասուլիսում ասաց անվանի հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Նրա խոսքով` արդեն մի քանի տարի է, ինչ ցանկանում է իր անվամբ դուդուկահարների դպրոց բացել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով դպրոցի բացումը հետաձգվում է:
«Քանի որ ես իմ մանկությունն անցկացրել եմ մանկատանը, շատ լավ գիտեմ` որբ լինելն ինչ բան է: Այդ պատճառով էլ ցանկանում եմ իմ հնարավորության չափով ինչ-որ հարցով աջակցել մանկատան երեխաներին»,- ընդգծեց Ջ. Գասպարյանը:
Ինչպես տեղեկացրեց դուդուկահարը, դպրոցի շենքը կա, այն իր սեփականությունն է, ուղղակի անհրաժեշտ է վերանորոգել:
«Վերանորոգում կատարելու համար հովանավորներ են պետք: Մի քանի ընկերություններ խոստացել են աջակցել, սակայն դրանք քիչ են: Եթե հովանավորներ գտնվեն, հավանաբար 2012-ին դպրոցը կբացվի»,- նշեց դուդուկահարը:
Ի դեպ, Ջ. Գասպարյանն անկեղծացավ և խոստովանեց, որ ցանկություն ունի ինքն անձամբ դուդուկ նվագել սովորեցնել իր դպրոցի սաներին: