17/01/2011 11:22
ՌԴ-ում ձերբակալվել է ավելի քան 300 ապօրինի ներգաղթած
Մոսկվայի առևտրի կետերում միգրացիոն ծառայության աշխատակիցների իրականացրած ստուգումների ընթացքում ավելի քան 300 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հաղորդել է Դաշնային միգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Զալինա Կորնիլովան:
Նրա խոսքերով` հանգստյան օրերին ստուգվել է մոտ 1300 կրպակ և ձերբակալվել 312 օտարերկրյա քաղաքացի, ովքեր խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը:
«Հիմնական խախտումները կապված են նրա հետ, որ չի պահպանվել օտարերկրյա քաղաքացիների` առևտրի ոլորտում աշխատանքի արգելքը: Մյուս խախտումները վերաբերում են այն փաստին, որ օտարերկրյա քաղաքացիները վրաններում աշխատում են որպես օժանդակ աշխատողներ, սակայն նրանց թույլատրված չէ աշխատանքային գործունեություն ծավալել Ռուսաստանում»,- ասել է Զ. Կորնիլովան: