17/01/2011 16:13
Կիպրոսն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Կիպրոսն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Կիպրոսի նախագահ Դեմետրիոս Խրիստոֆիասը` նշելով, որ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի հիման վրա: Այս մասին Կիպրոսից տեղեկացնում է Aysor-ի թղթակիցը:
«Ցանկանում եմ Նախագահ Սարգսյանին հրապարակավ արտահայտել Կիպրոսի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում խաղաղ միջոցներով ու միջազգային իրավունքի հիման վրա լուծելու ջանքերին»,- նշեց Կիպրոսի նախագահը:
Տեղեկացնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում: Այսօր նախագահը հանդիպում է ունեցել կիպրացի գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Կիպրոսում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության ղեկավարն այսօր կմասնակցի երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ գործարար համաժողովի բացմանը: