18/01/2011 12:56
Կարծիք. ՀՀ նախագահը Կիպրոսում հստակ գնահատականներ հնչեցրեց
ՀՀ նախագահը Կիպրոսում հստակ գնահատական տվեց թե՛ երկկողմ հարաբերություններին, և թե՛ Հայաստանի իրավիճակին, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:
Պատգամավորը նշեց, որ հայ-թուրքական բանակցությունների մեկնարկից հայկական կողմը պնդում էր առանց նախապայմանների բանակցություններ վարելու անհրաժեշտության մասին:
Ասուլիսի մյուս մասնակից` «Հայաստանի քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` թեև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ որոշ շեշտադրումներ չհնչեցին, հնչեցին բավական կոշտ գնահատականներ:
«Այդ գնահատականները նաև ինքնաքննադատական են, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն ավարտվել է» – հավելեց նա:
Ըստ Հ.Հովհաննիսյանի` նախագահ Սարգսյանի կոշտ գնահատականները միայն տեղով չէին պայմանավորված, այլ նաև` ստեղծված իրողությամբ:
«Կիպրոսն ու Հունաստանն այն երկրներն են, որտեղ այսպիսի գնահատականները տեղին էին, բայց ոչ միայն այցելության երկրում արված գնահատականով, այլ որ այդ հարաբերությունները վերջացել են: Ֆուտբոլային դիվանագիտությունը, ըստ էության վախճանվեց և մահախոսականը հնչեց Սարգսյանի շուրթերից», - ասաց բանախոսը:
Ըստ քաղաքագետի` Թուրքիան նահանջել է այն ելակետից, որից սկսվեց հայ-թուրքական հարաբերություններում «ձնհալը»: Նրա կարծիքով` դիվանագիտությունը ձախողել էին արտգործնախարարներ Նալբանդյանը և Դավութօղլուն, իսկ նախագահ Սարգսյանն արձանագրեց դիվանագիտության այդ նոր իրավիճակը: