18/01/2011 14:51
Ցեղասպանությունը կարող է ՀՀ-ի կողմից որպես նախապայման առաջադրվել
Առաջին անգամ ՀՀ ղեկավարի պաշտոնական ելույթում հնչեցին Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության այսպիսի լուրջ և հիմնավորված գնահատականներ, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ՀՀ ԳԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցին Կիպրոս:
Բանախոսն ուշադրություն հրավիրեց, որ Հայաստանի նախագահի վստահ գնահատականների մեջ Թուրքիայի քաղաքականությունը բնութագրվեց որպես «շանտաժային»:
«Սա շատ լուրջ մեղադրանք է և մենք բոլորս, կարծում եմ, այդպիսի բարձր մակարդակի վրա այդ ճշմարտությունը դեռ չէինք լսել», - հավելեց պատմաբանը:
Ռ.Սաֆրաստյանը կարևորեց նաև այն, որ առաջին անգամ հայտարարվեց, որ Հայաստանը և՛ բարոյական, և՛ իրավական հիմքեր ունի Ցեղասպանության ճանաչման խնդիրը դիտարկելու որպես նախապայման` Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, բայց, ելնելով բարի կամքից, դա չի արել:
«Չի կարելի բացառել, որ կգա մի պահ, երբ Հայաստանը, ելնելով բարոյական և իրավական հիմքերից, կարող է Թուրքիայի նկատմամբ այդ նախապայմանն առաջ դնել», - ասաց բանախոսը: