18/01/2011 14:28
Ռ.Սաֆրաստյան. Կիպրոսում կարևորվեց ինքնորոշման իրավունքը
Հայաստանի ու Կիպրոսի նախագահների կողմից արված հայտարարությունները դաշնակցային շատ բարձր մակարդակի մասին են վկայում, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի պետական այցին Կիպրոս:
Բանախոսը կարևորեց ԵՄ անդամ հանդիսացող Կիպրոսի հետ նման բարձ մակարդակի համագործակցության զարգացումը:
Երկու նախագահների ելույթներից գիտնականն առանձնացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող մի դրվագ, որը, նրա կարծիքով` կարող է նոր հետևանքների հանգեցնել:
«Առաջին անգամ երկկողմանի նման պաշտոնական փաստաթղթում կողմերը համաձայնվում են, որ ինքնորոշման իրավունքը, որն այստեղ ձևակերպվել է որպես կամքի ազատ արտահայտման իրավունք, Ղարաբաղի կարգավորման գործընթացում պետք է ունենա պարտադիր ուժ: Սա շատ կարևոր ձևակերպում է», - ասաց նա, հավելելով, որ Հայաստանի դիվանագետները մոտ ապագայում պետք է աշխատեն, որ նման ձևակերպում ամրագրվի նաև այլ պետությունների հետ նմանատիպ փաստաթղթերում:
Ռ.Սաֆրաստյանը կարևորեց այն, որ նման ձևակերպմամբ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կարող է ոչ միայն հավասար լինել այլ սկբունքների հետ, մասնավորապես` տարածքային ամբողջականության պահպանման, այլ նաև` ունենա գերակշռող նշանակություն:
«Շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ Կիպրոսը, ունենալով իր խնդիրն ու ձգտելով այն լուծել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա` փաստորեն ընդունեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում առաջինը և առավել կարևորն ինքնորոշման իրավունքն է», - ասաց նա, հավելելով, որ դրանով փաստվում է այն, որ յուրաքանչյուր հակամարտություն կարգավորման իր տրամաբանությունն ունի` հենվելով պատմության և գոյություն ունեցող իրողությունների վրա: